|
|
Ռուբեն Զարյանի անվան շեքսպիրական գրադարան |
|
|
1964-ի ապրիլի 23-ին, Շեքսպիրի ծննդյան 400-ամյակի տոնակատարության ժամանակ, Ռուբեն Զարյանի նախաձեռնությամբ իր իսկ անձնական գրադարանում եղած Շեքսպիրի ստեղծագործությունների ու նրա մասին ուսումնասիրությունների` թվով 68 անուն, հիման վրա Երևանում ստեղծվում է աշխարհում չորրորդ շեքսպիրյան գրադարանը: Գրադարանի գլխավոր նպատակն էր Հայաստանում Շեքսպիրի երկերի, նրա մասին ստեղծված ծավալուն գրականության, շեքսպիրյան թատերգությունների հայերեն թարգմանությունների և բեմադրությունների ուսումնասիրությունը:
Գրադարանը բաղկացած է երեք բաժիններից` Շեքսպիրի երկերը տարբեր լեզուներով, Շեքսպիրի կյանքին ու երկերին նվիրված ուսումնասիրությունները տարբեր լեզուներով, շեքսպիրյան երկերի հայերեն թարգմանությունների ձեռագրեր:
Գրադարանում այսօր առկա ավելի քան երեք հազար գրքերի շարքում են 35 լեզուներով գրքեր` անգլերեն բնագրերի մի շարք հրատարակությունների կողքին` ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն և եվրոպական այլ լեզուներով կատարված թարգմանությունների հրատարակություններ, շեքսպիրյան երկերը վրացերեն, ադրբեջաներեն, քրդերեն, պարսկերեն, արաբերեն, եթովպերեն, աբխազերեն, վիետնամերեն և այլ լեզուներով: Շեքսպիրի ստեղծագործության նորագույն հրատարակություններից են Լոնդոնում և Նյու Յորքում լույս ընծայված առանձին մատենաշարերով գրքերը, շեքսպիրյան ողբերգությունների, կատակերգությունների մատենաշարերը և այլն:
Գրադարանի արժեքավոր գրքերից են շեքսպիրյան հանրագիտարանը և Շեքսպիրի ստեղծագործությունների համաբարբառը:
Գրքերից ու պարբերականներից զատ` գրադարանը հավաքում և պահպանում է հայ «Շեքսպիրականին» վերաբերող ձեռագրեր, շեքսպիրյան թեմաներով ստեղծված երաժշտական ստեղծագործությունների նոտաներ, շեքսպիրյան հերոսների դերերում հանդես եկած նշանավոր դերասանների լուսանկարներ, շեքսպիրյան թատերական և երաժշտական կատարումների ձայնապնակներ:
Գրադարանում առկա են Շեքսպիրի հայ թարգմանիչներ Հովհաննես Մասեհյանի, Վարդգես Սուրենյանցի, Վահան Թոթովենցի, Խաչիկ Դաշտենցի, Հենրիկ Սևանի և ուրիշների ձեռագրերը, Վահրամ Փափազյանի և Եղիշե Չարենցի «Լիր արքայի» թարգմանության արժեքավոր ձեռագրերը:
Գրադարանի գրքային ֆոնդը համալրվել է մի կողմից` Մոսկվայի, Տալլինի, Կիևի, Թբիլիսիի և այլ քաղաքների շեքսպիրագետների, մյուս կողմից` Սփյուռքի մեր հայրենակիցների նվիրատվություններով: Իրանահայ բանաստեղծ և նկարիչ Դևը գրադարանին նվիրել է Հովհ. Մասեհյանի «Հուլիոս Կեսար» և «Կորիոլան» ողբերգությունների թարգմանությունների ձեռագրերը, նրանց վենետիկյան հրատարակությունը, Թեհրանում լույս տեսած «Ռոմեո և Ջուլիետի»` Մասեհյանի խմբագրած հրատարակությունը:
Գրադարանին կից ստեղծված շեքսպիրագիտական կենտրոնի թարգմանչական և գիտահետազոտական խմբերը զբաղվել են Շեքսպիրի երկերի հայերեն թարգմանությամբ: Կենտրոնի նպատակն էր` ամբողջացնել շեքսպիրյան երկերի հայերեն թարգմանությունները: Հրատարակվել է շեքսպիրյան «Քրոնիկների» հայերեն թարգմանությունների ժողովածուն 2 հատորով և հայկական շեքսպիրյան յոթհատորյակ տարեգիրք` «Շեքսպիրականը», որին աշխատակցել են շեքսպիրագետներ, գրականագետներ, արվեստաբաններ, թարգմանական տեսության մասնագետներ, ինչպես նաև դերասաններ ու գրողներ Հայաստանից և արտասահմանյան մի շարք երկրներից: Շեքսպիրագիտական հայկական կենտրոնում աշխատել են Նշան Մուրադյանը, Բյուրակն Անդրեասյան, Էլեոնորա Վարդանյանը, Ռուզան Մարգունին, Անելկա Գրիգորյանը, Աիդա Ֆրունջյանը, Վարդուհի Բուլությանը և Անահիտ Բեքարյանը: |